Ոտքերի պլաստիկ վիրահատություն

Կոնսուլտացիա

Պլաստիկ վիրահատության շնորհիվ այսօր հնարավոր է փոխել մարմնի ցանկացած հատված, այդ թվում նաև ոտքերը: Վիճակագրական տվյալների համաձայն՝ կանանց շուրջ 20%-ը դժգոհ է իր ոտքերի ձևից և ցանկանում է բարելավել դրանք: Երբեմն այս ցանկությունը հիմնավորված է, իսկ երբեմն էլ՝ ոչ այնքան: Եվ չնայած դրան, որ ոտքերի պլաստիկան բոլորովին անվտանգ գործընթաց է, այնուամենայնիվ դրա մասին վերջնական որոշում կայացնելուց առաջ անպայման պետք է խորհրդակցել վիրաբույժի հետ:

Եթե Ձեր ոտքերը ծուռ են, չափազանց հաստ/նեղ կամ ունեն մեկ այլ ակնհայտ թերություն, ապա պլաստիկ վիրաբույժը կհաստատի, որ դրանք ցուցված են վիրահատության: Նախքան վիրահատությունը բժիշկը կանցկացնի խորհրդակցություն, մանրամասն կուսումնասիրի դեֆեկտը և կխոսի հակացուցումների մասին: Ինչպես յուրաքանչյուր վիրահատությունից առաջ, այս դեպքում նույնպես կնշանակվեն անալիզներ, որոնց դրական արդյունքից հետո հնարավոր կլինի անցնել բուն գործընթացին:

Ոտքերի պլաստիկ վիրահատության գները Հայաստանում 2020

Ոտքերի պլաստիկ վիրահատության գները Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում շատ տարբեր են: Կախված՝ նախևառաջ ինչ տեսակի է վիրահատությունը, իսկ հետո նաև հիվանդանոցի տեխնոլոգիաներից, սպասարկումից և այլ պայմաններից: Եթե արժեքները մոտավոր նշենք, ապա ոտքերի լիպոսակցիայի գները սկսվում են 200.00 դրամից, իսկ ահա ոսկորների ուղղումը՝ 2 մլն դրամից: Հավելենք, որ Երևանի մի շարք բուժհաստատություններում գործում են զեղչեր:

Վիրահատություն

Ոտքերի պլաստիկայի համար մեծամասամբ դիմում են կանայք՝ այն էլ էսթետիկ նպատակներով: Սակայն կան դեպքեր, երբ վիրահատությունն անհրաժեշտություն է նաև բժշկական տեսանկյունից. օրինակ՝ ոտքի մկանների բնածին թերզարգացածություն, տրավմաների արդյունքում դրանց վնասում կամ առանձին մկանների համաչափության խախտում, ոտքերի X-աձև, Օ-աձ ծռվածք և այլն: Այս և այլ դեպքերում իրականացվում են տարբեր վիրահատական միջամտություններ, ինչպիսին են սրունքների ուղղումը՝ իմպլանտների միջոցով, ազդրերի ուղղումը՝ սեփական ճարպի միջոցով, ինչպես նաև ոսկրային հատվածների ուղղումներ և այլն:

Ոտքերի պլաստիկան երկարատև վիրահատական միջամտություն չէ, որպես կանոն տևում է 1.5-ից 2 ժամ: Հիմնականում ոտքերի պլաստիկ վիրահատությունն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ: Վիրահատությունն սկսելիս նախևառաջ կատարվում է մաշկի գծանշում, ապա կտրում, իմպլանտների համար նախատեսված հատուկ գրպանիկների ստեղծում, տեղադրում և ֆիքսում: Գործընթացի ավարտին դրվում են վիրահատական և կոսմետիկ կարեր, ինչպես նաև՝ ասպետիկ վիրակապ:

Հետվիրահատական ընթացք

Ոտքերի պլաստիկայի հետվիրահատական ընթացքը, իհարկե, ինչպես և այլ վիրահատությունների դեպքում, հեշտ և հաճելի չէ: Վիրահատությունից հետո դեռ 1-2 օր պացիենտը պետք է անցկացնի հիվանդանոցում՝ բժիշկների վերահսկողության ներքո: Տրավմաներից, հեմատոմայից խուսափելու համար կդրվի էլաստիկ վիրակապ կամ կցուցվի կրել կոմպրեսիոն ներքնաշոր՝ մոտ 2 շաբաթ: Հիվանդանոցից դուրս գալուց հետո տանը պետք է անկողնում անցկացնել շուրջ 4-5 օր: Պացիենտի վիրահատական կարերը հեռացվում են 10-12 օր անց, իսկ մինչ այդ նրան դեռ սպասվում են ցավեր, կապտուկներ և այտուցներ, որոնք հետագա օրերի ընթացքում թեթևանում են և անցնում են:

Պրոցեդուրաներից հետո պացիենտի ոտքերին ոչ մի տեսակի հետքեր և սպիներ չեն մնում: Խորհուրդ է տրվում շուրջ 10 օր անցկացնել տնային պայմաններում, սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը 6-8 շաբաթ: Իսկ սպորտային մարզումների մասին պետք է մոռանալ մոտ 2-3 ամիս՝ բարդություններից և տհաճ հետևանքներից խուսափելու համար: Կախված վիրահատության տեսակից՝ բժիշկը կարող է տալ մի շարք ցուցումներ և նշանակումներ: