Հայաստանում ռինոպլաստիկան ամենապահանջված վիրահատական միջամտություններից մեկն է: Այն քթի բնածին կամ ձեռքբերովի թերությունների ուղղումն է՝ պլաստիկ վիրահատության միջոցով: Անցկացվում է թե՛ էսթետիկական, թե՛ բժշկական-վերականգնողական նպատակներով: Ի տարբերություն մի շարք այլ վիրահատական միջամտությունների, ռինոպլաստիկան շատ ցավոտ չէ. իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ:
Վիրահատությունից առաջ, սակայն, վիրաբույժը պացիենտիի հետ անցկացնում է կոնսուլտացիա, որի ընթացքում ուսումնասիրում է նրա քթի կառուցվածքի առանձնահատկությունները, տեղեկանում ալերգիայի, շնչառական խնդիրների առկայության մասին, նաև ներկայացնում նրան հակացուցումները և վիրահատական ու հետվիրահատական հնարավոր բարդությունները: Միայն այս փուլից հետո է, որ պացիենտը վերջնական որոշում է կայացնում վիրահատություն կատարելու վերաբերյալ:
Քթի պլաստիկ վիրահատության գները Երևանում ընդհանուր առմամբ բնակչության համար հասանելի են: Իհարկե, տարբեր հիվանդանոցներում գործում է գնային տարբեր քաղաքականություն՝ կախված վիրահատության ծավալից և բարդությունից: Քթի պլաստիկ վիրահատության մինիմալ գինը Հայաստանում սկսվում է 280.000 ՀՀ դրամից, իսկ ամենից թանկ ռինոպլաստիկայի արժեքը հասնում է մինչև 1․500․000 դրամի, բնականաբար, կախված տարբեր հանգամանքներից, գործում են նաև զեղչեր:
Հարկ է նշել, որ ի տարբերություն հարակից պետությունների, Հայաստանում քթի պլաստիկ վիրահատության գինը բավականին մատչելի է:
Հայաստանում, արդեն մի քանի տարի է, ինչ գերակշռում են քթի միջնապատի թեքվածության և արտաքին դեֆեկտների ուղղման հետ կապված վիրահատությունները:
Քթի միջնապատի թեքվածության ուղղումը (սեպտոպլաստիկա) իրականացվում է բուժական նպատակներով: Կախված պացիենտի օրգանիզմի առանձնահատկություններից կարող է իրականացվել թե՛ տեղային, թե՛ ընդհանուր անզգայացմամբ: Այս տեսակի վիրահատությունից հետո կարելի է ազատվել շնչառական մի շարք խնդիրներից: Սեպտոպլաստիկան կարելի է դասել ոչ շատ բարդ վիրահատությունների շարքին, տևում է 60-90 րոպե և, որպես կանոն, հոսպիտալացում են 1 օր:
Ռինոպլաստիկայի ամենատարածված դեպքերը քթի վրայի սապատի, կեռ կամ շատ սուր և երկար ծայրով քթերի և այլ տեսակի դեֆեկտների ուղղումներն են: Սա բավական բարդ վիրահատության տեսակ է և կարող է տևել 2-3 ժամ: Վիրատահությունից հետո անհրաժեշտ է նվազագույնը 1-2 օր մնալ հիվանդանոցում՝ կախված պացիենտի վիճակից:
Լինում են դեպքեր, երբ պացիենտի ցանկությամբ մեկ վիրահատությամբ լուծվում են թե՛ էսթետիկական, թե՛ շնչառական խնդիրները: Այսպիսի համադրված վիրահատությունը կոչվում է ռինոսեպտոպլաստիկա:
Պլաստիկ վիրահատությունից հետո քթի վրա դրվում է գիպսից, ֆիքսող վիրակապ, իսկ քթանցքերում՝ տամպոններ, որոնք հեռացվում են 3-5 օր անց: Վիրահատությունից հետո պացիենտի քթի շրջանում լինում են ցավեր, այտուցներ, իսկ աչքերի տակ առաջանում են կապտուկներ: Այս ամենը, սակայն, երկարատև չէ և հիմնականում 7-10 օրերի ընթացքում անհետանում է: Խորհուրդ է տրվում հետվիրահատական այս փոքր-ինչ բարդ շրջանն անցկացնել տանը:
Եթե վիրահատական և հետվիրահատական բարդություններ չկան, ապա վերականգնման փուլը, հիմնականում, արագ է ընթանում: Վիրատահությունից մոտ 10-15 օր անց քիթն ընդունում է էսթետիկական գեղեցիկ տեսք: Սակայն, վերջնական արդյունքը տեսանելի է լինում 6-10, երբեմն նույնիսկ 20 ամիսների ընթացքում: Իսկ մինչ այդ պացիենտին տրվում են որոշակի ցուցումներ՝ հնարավոր բարդություններից խուսափելու համար:
Մասնավորապես շուրջ կես տարի անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, շոգից ցրտից և ակնոց կրելուց: Կախված դեպքի առանձնահատկություններից՝ բժիշկը կարող է որոշ նշանակումներ կատարել և տալ լրացուցիչ ցուցումներ: