Աշխարհում այսօր ամենից պահանջված և տարածված վիրահատական միջամտություններից մեկը լիպոսակցիան է: Իսկ ի՞նչ է այն: Վիրահատական ճանապարհով նիհարելու միջո՞ց, թե՞ պարզապես մարմնի ուրվագծային պլաստիկա: Հարցին փորձենք պատասխանել սահմանելով երևույթը:
Լիպոսակցիան վիրահատական միջամտություն է, որի ընթացքում հատուկ լուծույթների ներարկման միջոցով իրականացվում է մարմնի տարբեր հատվածքների ճարպային կուտակումների քայքայում և հեռացում: Թերևս զուտ նիհարելու նպատակով լիպոսակցիայի դիմելը սխալ կլինի, քանի որ դրա միջոցով հիմնականում կարելի է կատարել միայն որոշակի լոկալ դեֆեկտների շտկում: Եթե կարծում եք, որ այն հենց Ձեզ համար է, ապա պետք է դիմեք փորձված պլաստիկ վիրաբույժի, ով կուսումնասիրի Ձեր մարմնի կառուցվածքը, կներկայացնի լիպոսակցիայի ցուցումներն ու հակացուցումները:
Իսկ ցուցումները ճարպային կուտակումներն են՝ դեմքի, որովայնի, ազդրերի, ծնկների և մարմնի այլ հատվածներում: Սակայն, լավագույն արդյունք ապահովելու համար պետք է պացիենտն ունենա առողջական լավ վիճակ և էլաստիկ մաշկ:
Լիպոսակցիայի արժեքը շատ տարբեր է՝ կախված ընտրված մեթոդից և մարմնի այն հատվածից, որտեղ այն իրականացվում է: Հայաստանում լիպոսակցիայի գները բավական մատչելի են. սկսվում են 100.000-ից և հասնում մինչև 1,5 մլն դրամի: Տարածաշրջանի և եվրոպական բազմաթիվ երկրների համեմատությամբ, մեր երկրում գները բավական ցածր են և հասանելի հասարակության լայն շերտերին: Իսկ Երևանի մի շարք բժշկական կենտրոններում գործում են զեղչեր ՀՀ քաղաքացիների համար:
Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, լիպոսակցիայի համար դիմում են մեծամասամբ միջին տարիքի կայանք, ովքեր ցանկանում են ընդգծել մարմնի գեղեցկությունը՝ վերացնելով ակնհայտ «թերությունները»: Իսկ ինչպե՞ս է իրականացվում էսթետիկ վիրահատության այս տեսակը:
Լիպոսակցիայի ընթացքում արվում են փոքրիկ կտրվածքներ և ենթամաշկային հատվածում տեղադրվում է ճարպը վակուումով հեռացնող ձող: Ըստ ճարպի հեռացման և քայքայման մեթոդի՝ լիպոսակցիան բաժանվում է մի քանի տեսակների. լազերային, ուլտրաձայնային, տումեսցենտ: Լազերային լիպոսակցիան ներկայումս համարվում է ամենից նորարական և լավագույն մեթոդը:
Այդ դեպքում լազերային ճառագայթը ներգործում է ճարպային հյուսվածքների վրա, իսկ ճարպի հեռացման համար կտրվածքի փոխարեն փոքրիկ անց է արվում: Ուլտրաձայնային լիպոսակցիայի դեպքում կատարվում է ճարպային բջիջների քայքայում ուլտրաձայնային տատանումների միջոցով, վերածվում ճարպային էմուլսիայի և ավելի հեշտ է հեռացվում: Իսկ տումեսցենտ լիպոսակցիայի դեպքում նույնանուն հեղուկը ներարկվում է ճարպային կուտակումների մեջ, մասնատում դրանք և հեռացվում:
Լիպոսակցիան կարող է իրականացվել և՛ տեղային, և՛ ընդհանուր անզգայացմամբ: Իսկ բուն պրոցեսը տևում է 30 րոպեից մինչև 2 ժամ՝ կախված լիպոսակցիայի մեթոդից և հեռացվող ճարպի ծավալից:
Լիպոսակցիայից հետո մեծամասամբ երկարատև հոսպիտալացում և հիվանդանոցային խնամք չի պահանջվում: Եթե անզգայացումը տեղային է, ապա հիվանդին կարող են դուրս գրել նույն օրը՝ պրոցեդուրայից 3-4 ժամ անց: Սակայն, սա չի նշանակում, որ հետվիրահատական ընթացքը ամենհեշտերից է: Առաջին մի քանի օրը պացիենտը ցավեր է ունենում, որոնք մեղմացնելու համար՝ բժշկի ցուցումով կարելի է օգտագործել որոշ ցավազրկողներ:
Հետվիրահատական շրջանում խորհուրդ է տրվում 4-5 օր անցկացնել տանը, իսկ մոտ 1 ամիս կրել կոմպրեսիվ ներքնազգեստ: Լիպոսակցիայից հետո 1-2 ամիս խորհուրդ է տրվում վարել ավելի պասիվ ապրելակերպ, չզբաղվել սպորտով և զերծ մնալ ծանր իրեր բարձրացնելուց: Հետագայում բարդություններից ու տհաճ հետևանքներից խուսափելու և լավագույն արդյունք ունենալու համար պետք է հետևել բժշկի բոլոր ցուցումներին: