Քթի կոտրվածք նշանակում է՝ առաջին հերթին քթի ոսկորների կոտրվածք։ Բժշկական լեզվով՝ մեխանիկական վնասվածքի հետևանքով քթի ոսկրային և աճառային կառուցվածքի ամբողջականության խախտում:
Քթի կոտրվածքը առաջանում է ավելի հաճախ՝ ուղիղ, իսկ ավելի քիչ՝ կողմնակի հարվածի հետևանքով։ Ամենատարածված պատճառներն են՝
- Սպորտային վնասվածքները․ սովորաբար ախտորոշվում են բռնցքամարտիկների, մարտարվեստներով ու վտանգավոր այլ սպորտաձևերով զբաղվող մարզիկների մոտ, որոնց ընկնելու հավանականությունը մեծ է;
- Կենցաղային տրավմաները, որոնք առաջանում են ծեծկռուքների, հարվածների, ընկնելու արդյունքում, նման պատճառներով քթի կոտրվածքներ շատ է հանդիպում երեխաների մոտ։
- Ավտովթարները, երբ քթի կոտրվածք է առաջանում դեմքի՝ մեքենայի հիմնականում դիմահայաց ապակուն բախման արդյունքում՝ զուգակցվելով այլ կոտրվածքների հետ,
- Արտադրական վնասվածքները, որոնք սովորաբար անվտանգության կանոնների խախտման արդյունք են։ Քթի կոտրվածք ավելի հաճախ պատահում է շինարարների, բանվորների, անասնապահների մոտ։
- Զինվորական վնասվածքներ՝ զինվորական զորավարժությունների կամ ռազմական գործողությունների արդյունքում։
Քթի կոտրվածքի ախտանշանները դրսևորվում են ինտենսիվ ցավով, քթի ձևի խախտմամբ, արյունահոսությամբ և քթից լորձաթաղանթային արտանետումներով, քթային շնչառության դժվարությամբ, մոտակա փափուկ հյուսվածքների այտուցվածությամբ ու ցիանոզով։ Քթի կոտրվածքը կարող է ուղեկցվել նաև ցնցումներով, գիտակցության ժամանակավոր կորստով, խանգարված շնչառությամբ ու հոտառությամբ։ Քթի կոտրվածքը վտանգավոր է նաև նրանով, որ կարող են առաջանալ բարդություններ՝ միջնապատի հեմատոմայի ձևավորմամբ (երբ արյունը կուտակվում է քթի միջնապատի լորձաթաղանթի տակ)։ Հետևանքները՝ քթի նեղացում, շնչառական անբավարարություն և ուժեղ ցավ, հետագայում՝ հեմատոմայի խորացում և քթի միջնապատի աճառի ոչնչացում կամ վերացում։
Քթի կոտրվածքների բուժումը ենթադրում է ոսկորների վերադիրքավորում, տամպոններ, հակաբիոտիկներ, ֆիզիոթերապիա, իսկ ծանր կոտրվածքների դեպքում ցուցվում է անմիջապես ռինոպլաստիկա կամ քթի պլաստիկ վիրահատություն։
Կոտրված քթի ռինոպլաստիկան պլաստիկ վիրահատություն է, որի նպատակն է վերացնել քթի վնասվածքների հետևանքները, ներառյալ՝ քթի ոսկորների տեղաշարժը, և վերականգնել շնչառությունը: Քթի վիրահատությունը, ըստ նպատակահարմարության, կարող են իրականացնել ինչպես ԼՕՌ վիրաբույժները, այնպես էլ՝ պլաստիկ:
Քթի կոտրվածքով վիրահատության առանձնահատկությունն այն է, որ հիմնականում իրականացվում է անմիջապես վնասվածքից հետո։ Ընդ որոմ, որքան շուտ կատարվի ռենտգենը, այնքան հեշտ ու արդյունավետ կլինի քթի վիրահատությունը։ Այդ պարագայում բժիշկը կարող է ոսկորները արագորեն նորից դնել իրենց տեղում․ ոսկորների, անմիջապես կատարված ուղղումը թույլ է տալիս շտկել կոտրվածքի բոլոր հետևանքները։ Իսկ երբ քթի կոտրվածքից մի քանի շաբաթ անց կամ ավելի ուշ է հիվանդը դիմում բժշկի, ապա ավելի է դժվարանում ոսկրերի տեղաշարժի դիտակումն ու վերականգնումը։ Այս դեպքում կատարվում է շնչառական խանգարումների համալիր վերլուծություն (ԼՕՌ ախտորոշում, սինուսների CT սկանավորում), հաշվի են առնվում քթի ձևը փոխելու հիվանդի ցանկությունները։ Ցանկալի է, որ քթի կոտրվածքի ուշ վիրահատությունները պլանավորվեն մանրակրկիտ՝ ուշադիր ընտրելով վիրաբույժին, ունենալով բավարար ժամանակ լիարժեք վերականգնման համար։
Քթի կոտրվածքից հետո վիրաբուժական շտկումը (կոտրված քիթ, ծուռ քիթ) շատ ընդհանրություններ ունի էսթետիկ ռինոպլաստիկայի հետ, ուստի վերականգնողական շրջանի հիմնական ցուցումները գրեթե նույնն են: Տարածված կարծիք կա, որ կոտրվածքից հետո քիթը դառնում է ավելի փխրուն: Իրականում դա վերաբերում է միայն վիրահատությունից հետո առաջին մի քանի ամիսներին։ Այդ ընթացքում, իսկապես, արժե զգույշ լինել և խուսափել նույնիսկ փոքր տրավմատիկ ազդեցություններից։
Վիրահատությունից հետո հիվանդին խորհուրդ է տրվել հիվանդանոցում մնալ 2 օր։ Հետվիրահատական հետագա զննությունները իրականացվում են 2 շաբաթվա ընթացքում։ Այդ ընթացքում ենթադրվում է այտուցների ու կապտուկների աստիճանական վերացում: Անկախ վիրահատության կատարման եղանակից, առաջին 2-3 ամիսը հիվանդը պետք է խուսափի բաց արևի տակ գտնվելուց։ 4-6 ամիս հետո ոսկորներն ամբողջությամբ միաձուլվում են, սպիացման գործընթացը ավարտվում է, և քթի բոլոր գործառույթները՝ լիարժեք վերականգնվում։
Համադրելով Հայաստանի կլինիկաների գները՝ կարող ենք արձանագրել, որ քթի կոտրվածքի վիրահատության արժեքը քիչ է տարբերվում ռինոպլատիկայի գներից․ սկսվում է 280.000 դրամից, և, կախված կոտրվածքի բարդությունից, ոսկորների կոտրման ու ֆունկցիաների խախտման սատիճանից, կարող է հասնել մինչև 1.000.000 դրամի։ Գինը ներառում է ստանդարտ հետազոտությունների ու պալատի արժեքը։ Երևանի կլինիկաների գերակշիռ մասում գործում է նաև վճարման ապառիկ տարբերակը, ապահովագրություն և սոցփաթեթ։
Դիմելով Doctor911.am-ին՝ կարելի է ստանալ անվճար բժշկական խորհրդատվություն, խուսափել հերթերից, ինչպես նաև՝ Երևանի ու Հայաստանի այլ քաղաքների բուժհաստատություններում ստանալ մինչև 40% զեղչ: