Ականջների անհամաչափությունը և լայնականջությունը բավական հաճախ են հանդիպում թե՛ երեխաների և թե՛ մեծահասակների շրջանում: Փոքր երեխաների դեպքում այս խնդիրները սկզբում անհանգստության առիթ չի հանդիսանում, սակայն տարիքի հետ դառնում են բարդույթների առաջացման պատճառ: Այսպիսի դեպքերում սովորաբար դիմում են ականջների պլաստիկ վիրահատության (օտոպլաստիկա): Այն ծագել է դեռևս 5-րդ դարում, Հին Հնդկաստանում, իսկ այսօր արդեն ամբողջ աշխարհում ամենատարածված վիրատահական միջամտություններից է:
Ներկայումս ականջների պլաստիկան թույլատրելի է ոչ միայն մեծահասակներին, այլև երեխաներին՝ սկսած 6 տարեկանից, քանի որ այս տարիքում արդեն ականջների լիակատար ձևավորումն ավարտված է լինում: Նախքան վիրահատությունը, սակայն, պետք է խորհրդակցել օտոռինոլարինգոլոգի և ապա վիրաբույժի հետ, ով կուսումնասիրի դեպքի առանձնահատկությունները, կլուսանկարի և կխոսի հակացուցումների մասին:
Ականջների պլաստիկ վիրահատությունը (օտոպլաստիկան) ամբողջ աշխարհում ամենամատչելի վիրահատության տեսակներից մեկն է: Հայաստանում նույնպես այն թանկ չէ և հասանելի է բնակչության լայն շերտերի համար:
Տարբեր բուժհաստատություններ, բնականաբար, ներկայացնում են տարբեր գներ՝ ելնելով տեխնոլոգիաներից, սպասարկոիմից և այլ պայմաններից: Սակայն ամենամատչելի գինը, որ կարելի է նշել Հայաստանում ականջների պլաստիկ վիրահատության համար 180.000 դրամն է, կախված վերը նշված պայմաններից և դեպքի առանձնահատկություններից գները կարող են հասնել մինչև 300.000 ՀՀ դրամի: Երևանի մի շարք բուժհաստատություններում գործում են նաև զեղչեր:
Օտոպլաստիկան բոլորովին անվտանգ և ոչ շատ ցավոտ վիրահատական միջամտություն է: Ցուցված է լոշտակության, ականջախեցիների կամ բլթակների նորմայից դուրս մեծ չափերի, ինչպես նաև բնածին և ձեռքբերովի այլ դեֆեկտների դեպքերում: Այն հիմնականում իրականացվում է երկու նպատակով՝ ռեկոնստրուկտիվ (երբ անհրաժեշտ է լինում վերականգնել ականջը կամ դրա մի հատվածը) և էսթետիկ (ականջի տեսքի, ձևի, չափի և դիրքի փոփոխության համար):
Թե՛ առաջինի, թե՛ երկրորդի դեպքում իրականացվում է միայն արտաքին ականջի փոփոխություն և երկուսն էլ բացարձակապես կապ չունեն լսողության հետ: Մեծահասակաների դեպքում, կախված դեպքի առանձնահատկությունից, վիրահատությունը կարող է իրականացվել տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ, իսկ երեխաների դեպքում ընտրվում է միայն երկրորդ տարբերակը: Այն կարող է տևել 30 րոպեից մինչև 1-2 ժամ՝ կախված բարդության աստիճանից:
Ականջների պլաստիկ վիրահատության տեսակների մեջ, լոշտակության ուղղումը ամենապահանջվածներից է: Այս դեպքում կատարվում է աճառային հյուսվածքների վերափոխում, ձևավորվում է ականջախեցու ճիշտ և բնական ձև, այնպես, որ ականջը հնարավորինս մոտ լինի գլխին: Օտոպլաստիկայից հետո՝ կախված դեպքի բարդություններից, պահանջվում է 1 օրվա հոսպիտալացում:
Ականջների վիրահատության դեպքում հազվադեպ են լինում բարդություններ, իսկ վերականգնման պրոցեսը բավականին արագ է ընթանում: Շուրջ 7-10 օրերի ընթացքում հեռացվում են կարերը: Վիրահատությունից անմիջապես հետո ականջները կապում են վիրակապով, որը 1 օր անց հարկավոր է փոխել, դնել նոր վիրակապ, որը պետք է կրել շուրջ 10-15 օր: Իսկ դրանից հետո վիրակապը պետք է կրել միայն գիշերները՝ դեռ նոր վիրահատված ականջները չվնասելու նպատակով:
Ի տարբերություն այլ պլաստիկ վիրահատությունների, օտոպլաստիկայի դեպքում պրոցեդուրայից հետո արդյունքն անմիջապես երևում է: Հետվիրահատական ընթացքը սկզբնական շրջանում ուղեկցվում է ցավերով, որոնք 4-5 օր անց բավականին մեղմանում են: Ականջների շուրջ առաջացած կապտուկներն անցնում են մոտ 2 շաբաթ, իսկ այտուցները՝ 2 ամիս հետո: Ամբողջական վերականգնումը տևում է մոտ 5-6 ամիս:
Հետվիրատահական առաջին 10 օրերը խորհուրդ է տրվում անցկացնել տանը: Այս ժամկետում նաև արգելվում է գլուխը լվանալ, քանի որ թրջելը կարող է որոշ բարդությունների պատճառ դառնալ: