Աբորտ, հղիության արհեստական ընդհատում

Թե ինչ է աբորտը, գիտի յուրաքանչյուր կին, բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչպես է իրականացվում, որոնք են ցուցումները և հակացուցումները, հետևանքները։ Բժշկագիտական պարզ բնորոշմամբ՝ աբորտը հղիության ընդհատումն է, որը տեղի է ունենում ինքնաբերաբար կամ արհեստականորեն, մինչև 22 շաբաթ և մինչև 500 գ քաշով պտղի պարագայում: Հայտնի են աբորտի բազմաթիվ եղանակներ։ Այս նյութով կանդրադառնանք Հայաստանում աբորտի ամենատարածված եղանակներին, կարևոր տեղեկություններին, ցուցումներին, գներին ու պայմաններին։    

Հղիության արհեստական ընդհատում

Հղիության արհեստական ​​ընդհատումը, կարճ՝ աբորտը, ուղեկցվում է պտղի (սաղմի կամ էմբրիոնի) արհեստական վիժումով կամ հեռացմամբ։ Հղիության ընդհատման հիմնական ցուցումներն են օրգանիզմում պտղի մահը կամ մոր կյանքին սպառնացող վտանգը՝ ուղեկցող հիվանդությունների առկայության կամ հղիության ոչ նորմալ ընթացքի պարագայում։

Հղիության արհեստական ​​ընդհատումը լինում է վաղ (իրականացվում է հղիության մինչև 12 շաբաթը) և ուշ (13-28 շաբաթը): Դրանցից յուրաքանչյուրը բաժանվում է առանձին փուլերի։ Նման բաժանումն անհրաժեշտ է՝ հղիության արհեստական ​​ընդհատման մեթոդը հնարավորինս ճշգրիտ ընտրելու համար։ 12 շաբաթից հետո արգանդը մեծանում է չափերով, քանի որ պլացենտը լիովին ձևավորվում է, իսկ պտուղը՝ բավականաչափ մեծանում: Դա դժվարացնում է հղիության ընդհատումը հետագա փուլերում, և անհնարին է լինում իրականացնել նույնիսկ արգանդի խոռոչը քերելու պարագայում։ Հետևաբար հղիության արհեստական ​​ընդհատման գնացող յուրաքանչյուր կին պարտավոր է բազմակողմանիորեն կշռադատել մինչև աբորտի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը, և անպայմանորեն դիմի բացառապես որակավորված մասնագետներին, որոնք, մինչև հղիության արհեստական ընդհատումը, մանրամասնորեն կանցկացնեն բոլոր անհրաժեշտ հետազոտությունները (արյան, հնարավոր վարակների, ՁԻԱՀ-ի, բորբոքային գործընթացների և այլնի վերաբերյալ)։

Հղիությունն ընդհատելու համար ամենաանվտանգ շրջանը առաջին 6 շաբաթն է, երբ հնարավոր են դեղորայքային կամ վակուումային աբորտները։ Իսկ ահա 6-12 շաբաթականից սկսած՝ աբորտն իրականացվում է միայն քերման մեթոդով,  վիրահատարանում, հատուկ գործիքներով։ Այս մեթոդն իրականացվում է արգանդի վզիկի լայնացմամբ, այն մաքրելուց հետո միայն, առկա մնացորդները հեռացվում են վակումային սարքի միջոցով։ Վիրահատությունից հետո նշանակվում են հակաբիոտիկներ, անալգետիկներ, վիտամիններ, հակաբեղմնավորիչներ:

Վակումային աբորտ

Հղիության արհեստական ​​ընդհատումը վակումային ասպիրացիայի միջոցով իրականացվում է միայն վաղ փուլերում՝ մինչև 5-6 շաբաթ: Վակումային աբորտը կամ, ինչպես հաճախ անվանում են բժիշկները, վակումային կյուրէտաժը, ավելի քիչ տրավմատիկ մեթոդ է՝ քերման համեմատ: Այս մեթոդը ամենատարածվածն է, սահմանափակվում է առավելագույնս 12 շաբաթական հղիության շրջանում։ Աբորտի ժամանակ կատարվում է տեղային անզգայացում (հազվադեպ` ընդհանուր): Արգանդի խոռոչի մեջ տեղադրվում է հատուկ սարք, որը բացասական ճնշում է ստեղծում, արդյունքում սաղմը պոկվում է արգանդի պատից (քանի որ վաղ փուլերում այն ​​դեռ թույլ է կպած պատին) և հեշտությամբ հեռացվում։ Հղիության նման ընդհատումն ուղեկցվում է արգանդի համեմատաբար քիչ տրավմայով և արյան աննշան կորստով։ Վակումային աբորտի դեպքում բարդություններն աննշան են (hազվադեպ, 1-2% դեպքերում, հարկ է լինում կրկնակի միջամտության դիմել): Այդուհանդերձ, չնայած մեթոդի անվնասությանը, ոչ մի կին չի կարող ապահովագրված լինել այնպիսի բարդությունից, ինչպիսին անպտղությունն է։

Դեղորայքային աբորտ

Դեղորայքային աբորտը կամ հղիության դեղորայքային ընդհատումը ևս ամենատարածված և մեծ պահանջարկ ունեցող աբորտներից է։ Այս պարագայում դեղորայքի օգնությամբ իրականացվում է սաղմի մահ և արգանդի պարունակության դուրսմղում: Դեղորայքային աբորտի օպտիմալ ժամկետը մինչև 5-6 շաբաթական հղիությունն է: Սա հուսալի ալտերնատիվ է վակումային ասպիրացիային: Այս տիպի աբորտն ունենում է սովորաբար 96-98% դրական արդյունք։ Բացասականի դեպքում հղիությունը պահպանվում է, կամ պտղային ձվիկը մահանում է, բայց դուրս չի մղվում: Այդ դեպքում հարկ է լինում դիմել գործիքային միջամտության:

Դեղորայքային աբորտն ունի հետևյալ հակացուցումները

- վերջին մենստրուացիայից պետք է անցած լինի 50 օրից ավելի,

- տվյալ դեղից կնոջ մոտ առկա է ալերգիկ ֆոն,

- արտարգանդային հղիություն,

- երիկամային, սրտի կամ լյարդի անբավարարություն:

Մինչև դեղորայքի ընդունումը կատարվում է ՈՒՁՀ, որոշվում հղիության ճշգրիտ ժամկետը, ստուգվում կնոջ վիճակը: Դեղն ընդունելուց 36-48 ժամ անց կինը կրկին է այն ընդունում: Խնդիրների առկայության (վատ ինքնազգացողություն և այլն) պետք է անհապաղ դինել բժշկի։ Դեղն ընդունելուց հետո սովորաբար թեթև արյունահոսություն է սկսվում, ավելի առատ, քան դաշտանը, երբեմն՝ մակարդուկների տեսքով։ Վստահ լինելու համար, որ արգանդը մաքրվել է, 2 օր անց կատարվում է կրկնակի ՈՒՁՀ: Դեղորայքային աբորտից հետո օրգանիզմն արագ վերականգնվում է:

Ցավեր և արյունահոսություն աբորտից հետո

Յուրաքանյուր կնոջ մոտ աբորտից հետո կարող են լինել տարբեր զգացողություններ, վերականգնողական ընթացքը կարող է արտահայտվել տարբեր կերպ, քանի որ կանանց օրգանիզմները տարբեր են, հնարավոր բարդություններն ու ցավերն էլ՝ տարբեր։

Արյունահոսությունը կարող է շարունակվել աբորտից 1-3 շաբաթ անց, և տևել 2-3 շաբաթ` մինչև հղիության բացասական թեստը։ Դաշտանային շրջանը սովորաբար վերականգնվում է 4-6 շաբաթ անց։ Աբորտից 1 շաբաթ անց անհրաժեշտ է ՈՒՁՀ անցնել՝ համոզվելու համար, որ հղիությունն ավարտված է։ Պետք է հաշվի առնել, որ աբորտից 7-10 օր հետո էլ, եթե արգանդում ջերմություն, առատ արյունահոսություն, ցավ կամ հեշտոցային արտանետում չկա, արյան որոշ քանակության ու հյուսվածքի մնացորդների առկայությունը խնդիր չէ, և դուրս կգա հաջորդ դաշտանի հետ:

Աբորտի գներ և պայմաններ

Մայրաքաղաք Երևանում և Հայաստանի մեծ քաղաքների բոլոր առաջատար ծննդատներում ու կլինիկաներում աբորտի գները տարբեր են՝ կախված աբորտի եղանակից, պայմաններից, տվյալ բժշկական հաստատության գնային քաղաքականությունից։ Հայաստանում վերջին 1 տարում տեղի ունեցող գնաճին զուգահեռ աբորտի արժեքը ևս բարձրացել է։ Կախված տեսակից (վակումային,  դեղորայքային, վիրահատական և այլն), աբորտի գները կարող են սկսվել 30-40 հազարից և հասնել 2-3 անգամ ավելիի։ Որոշ բժշկական հաստատություններ տրամադրում են հիգիենայի պարագաներ, սնունդ, անհատական սենյակ եւ այլն, ինչը ենթադրում է արժեքի ավելացում։

Յուրաքանչյուր պարագայում, աբորտները Հայաստանում իրականացվում են ժամանակակից բժշկության մեջ ընդունված չափորոշիչներով, վերջին սերնդի սարքավորումներով, բարձրորակ դեղորայքով և բարձրակարգ մասնագետների միջոցով։